Վաղարշակ Նորենց (1903-1973)


    «Մորս ասելով, «Անդրանիկի կռվի տարին», այսինքն` 1904-ին, ես մի տարեկան եմ եղել», գրում է բանաստեղծը: ՈՒրեմն ծնվել է 1903-ին (Սեպտեմբերի 9-ին), Սասունի Շենիկ (այժմ Թուրքիայում) գյուղի քահանա տեր Տոնապետի նահապետական ընտանիքում: Իսկական ազգանունը Երիցյան է: Նրա մանկությունն անցել է հայրենի լեռնաշխարհում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի և ապա հայրենի իշխանաձոր գյուղի դպրոցներում: Եղեռնի տարին ականատես է եղել Սասունի չորսամյա (ապրիլ-հուլիս) հերոսական դիմադրությանն ու զարհուրելի կոտորածին: Ջարդից մազապուրծ` ավագ եղբայրներից մեկի հետ յոթ ամիս «ապրել» է քարանձավներում, մինչև ռուսական բանակը կգրավեր Մուշ քաղաքը: 1919 թվականի գարնանը հազարավոր որբերի հետ Մուշից գաղթել է Անդրկովկաս: Վ. Նորենցի պատանեկությունն անցել է միջնակարգ Ալեքսանդրոպոլի և ապա Թիֆլիսի որբանոցներում: Թիֆլիսում էլ ստացել ե միջնակարգ կրթություն` սովորելով նախ որբանոցային դպրոցում, ապա` հայկական գիմնազիոնում և ի վերջո` Ներսիսյան դպրոցում:

    Վ. Նորենցը գրել սկսել է վաղ պատանեկան տարիներին: Առաջին բանաստեղծություններից մեկը «Սասնո սարերին» խորագրով տպագրվել է 1917 թվականի ամռանը Թիֆլիսի «Հայաստան» թերթում: Այդ ժամանակ էլ Հովհաննես Թումանյանի կամեցողությամբ դարձել է Կովկասյան հայ գրողների ընկերության որդեգիրը:

    Բանաստեղծի առաջին գրական փորձերց սկսած` Հովհաննես Թումանյանը եղել է նրա դաստիարակը:

    Անդրկովկասում սովետական իշխանություն հաստատվելու առաջին օրերից Վ. Նորենցի բանաստեղծությունները սպագրվել են Թիֆլիսի և Երևանի հայկական թերթերում և հանդեսներում: 1922 թվականին բանաստեղծը ծանոթացել է Եղիշե Չարենցի հետ, որը բախտորոշ ազդեցություն է ունեցել նրա գրական գործունեության վրա:

    1925 թվականի աշնանը Չարենցը կազմակերպել է «Նոյեմբեր» գրական միությունը, որի հիմնադիր անդամներից մեկն էր Վ. Նորենցը:

    Վ. Նորենցի բանաստեղծությունների առաջին համաքածուն «Օրերի ճամփին» խորագրով լույս է տեսել Դիլիջանում 1925 թվականին: Մի տարի հետո Եղիշե Չարենցի խմբագրությամբ լույս է տեսել «Իրիկուն» պոեմը:

    Հայաստանի պետական հրատարակչությունը 1930-ին լույս է ընծայել Վ. Նորենցի

    «Երկրորդ գիրքը» և 1932-ին «Լիրիկական ֆրոնտ» ժողովածուները: 1936-ին լույս է տեսել «Բանաստեղծություններ» հատորը, 1945 թվականին` «Գիրք քնարական» ժողովածուն, որին հաջորդել են «Իմ ճանապարհը» (1956), «Իմ աշխարհը» (1958), «Պոեմներ» (1960) և երկու հատորով «Երկեր»-ը:

    Բանաստեղտցը բազմաթիվ թարգմանություններ է արել եվրոպական և ռուսական դասական հեղինակներից և ժամանակակից բանաստեղծներից:

    Վաղարշակ Նորենցը մահացել է 1973 թվականի հունվարի 20–ին:

    ____________________________________________________________________________________
    Տարածել